|
|
Ջերմուկում մեկնարկել է շախմատի միջազգային պատանեկան մրցաշարը
|
28/ 06/ 2008
|
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Շախմատի միջազգային պատանեկան մրցաշարը մեկնարկել է նախօրեին՝ Ջերմուկ քաղաքում։ Ինչպես
լրագրողներին հայտարարել է Chess շախմատի ակադեմիայի նախագահ, գրոսմայստեր
Սմբատ Լպուտյանը, «Ջերմուկ-2008» բաց մրցաշարն անցկացվում է երրորդ անգամ
և արդեն դարձել է ավանդական։ «Ջերմուկն իսկապես շախմատի քաղաք է դառնում»,
- ավելացրել է Լպուտյանը։ Առաջին փուլի մեկնարկից առաջ
«Ջերմուկ-2008»-ի մասնակիցները հարգել են վերջերս 28 տարեկան հասակում
մահացած Հայաստանի շախմատի եռակի չեմպիոն, օլիմպիական չեմպիոն Կարեն
Ասրյանի հիշատակը։ Նրա անունով է կոչվել Ջերմուկի Շախմատի մարզադպրոցը։ «Ջերմուկ-2008»
մրցաշարին մասնակցում են 8-ից 20 տարեկան մոտ 100 պատանիներ և աղջիկներ՝
Հայաստանից, Ռուսաստանից և Իրանից։ Մրցաշարն անցկացվում է ինը փուլով՝
շվեյցարական համակարգով՝ տարիքային հինգ կատեգորիայում (մինչև 10 տարեկան,
մինչև 12 տարեկան, մինչև 14, մինչև 16, մինչև 20 տարեկան) և կավարտվի
հուլիսի 6-ին։ Մրցանակային ֆոնդը կազմում է 3,27 մլն դրամ (մոտ 10,8
հազ. ԱՄՆ դոլար)։ Մրցաշարի կազմակերպիչներն են Chess շախմատի ակադեմիան,
Ջերմուկի քաղաքապետարանը և «Ջերմուկ աշխարհ» հանգստյան տունը։ Chess
շախմատի ակադեմիան հիմնադրվել է 2002 թ.-ին՝ գրոսմայստեր Սմբատ Լպուտյան
նախաձեռնությամբ և ՀՀ վարչապետի աջակցությամբ։ Ակադեմիան ունի 30
մասնաճյուղ հանրապետության տարածքում, իսկ մոտ ապագայում պատրաստվում է
մասնաճյուղեր բացել նաև Հայաստանի սահմաններից դուրս։
|