|
|
Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները բարդացնում են Ղարաբաղի շուրջ բանակցությունների առաջընթացը. ՀՀ ԱԳ նախարար
|
28/ 06/ 2008
|
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանի
իշխանության կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունները բարդացնում են
Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում վստահության մթնոլորտի ստեղծումը
և բանակցությունների առաջընթացը, ասել է ՀՀ արտգործանախարար Էդվարդ
Նալբանդյանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա),
Մեթյու Բրայզայի (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող
նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպման ընթացքում։ Ինչպես
շաբաթ օրը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի
և տեղեկատվության վարչությունից, նախօրեին Երևանում տեղի ունեցած
հանդիպման ժամանակ Նալբանդյանը նաև ներկայացրել է Հայաստանի մոտեցումները՝
Մադրիդում 2007թ. նոյեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների
ներկայացրած առաջարկությունների վերաբերյալ։ Համանախագահները
Նալբանդյանին տեղեկացրել են Բաքվում Ադրբեջանի նախագահի և արտգործնախարարի
հետ հանդիպումների արդյունքների մասին` նշելով ղարաբաղյան հիմնախնդրի
բացառապես խաղաղ ճանապարհով լուծման անհրաժեշտությունը: Համանախագահները
նաև վստահեցրել են, որ շարունակելու են ջանքերը կողմերի դիրքորոշումները
մոտեցնելու ուղղությամբ` մադրիդյան առաջարկությունների հիման վրա: Բաքվից
Երևան ժամանած Մինսկի խմբի համանախագահները հունիսի 27-ին Ադրբեջանի
նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումը
դրական են գնահատել։ Ինչպես հայտարարել է Ֆասիեն, համանախագահները
ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի այս փուլում
փորձում են պարզություն մտցնել «մադրիդյան առաջարկությունների որոշ
կետերում, իսկ որոշները՝ համալրել և բարելավվել»։
|