|
|
ՌԵ-ն հուսով է վերականգնել Վրաստանի միջով ՌԴ-ի հետ Հայաստանի երկաթուղային հաղորդակցությանն առնչվող բանակցությունները
|
28/ 06/ 2008
|
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսական
երկաթուղիների (ՌԵ) նախագահ Վլադիմիր Յակունինը հուսով է վերադառնալ որոշ
ժամանակ առաջ քաղաքական պատճառներով ընդհատված բանակցային գործընթացին՝
Վրաստանի և Աբխազիայի միջով Ռուսաստանի հետ Հայաստանի ուղիղ երկաթուղային
հաղորդկացության վերականգնման մասին։ «Երեք տարի առաջ մենք արդեն
սկսել էինք բանակցությունները վրացիների և հայերի միջև՝ Աբխազիայի և
Վրաստանի միջով դեպի Հայաստան երկաթուղային հաղորդակցության վերականգնման
հնարավորության մասին։ Այն ժամանակ Վրաստանի և Ռուսաստանի միջև առաջացած
քաղաքական բարդ իրավիճակը արգելակեց բանակցությունների ընթացքը։ Այժմ
գործընթացը կարծես թե կայունացել է, և մենք կվերադառնանք այդ թեմային», -
հայտարարել է Յակունինը «ՌԻԱ Նովոստիին»։ Հայկական երկաթուղային
ցանցի՝ դեպի հարևան երկրներ մուտքի չորս կետերից, որոնցից երկուսը
Ադրբեջանի հետ են, ևս երկուսը՝ Թուրքիայի և Վրաստանի, աշխատում է միայն
վրացականը։ Դրա միջոցով դեպի Վրաստանի սևծովյան նավահանգիստներ և այնտեղից
ջրի վրայով՝ դեպի Ռուսաստան և Ուկրաինա անցնում է Հայաստանի երկաթուղու
բեռնահոսքի 80 տոկոսը։ Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարման
մրցույթում հաղթել է ՌԵ-ն՝ 2008 թ. հունվարին։ Ադրբեջանի և
Թուրքիայի հետ, ինչպես նաև Վրաստանի և Աբխազիայի միջով Ռուսաստահի հետ
երկաթուղային հաղորդակցություն Հայաստանը չունի՝ քաղաքական պատճառներով։
Ստանալով Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարումը՝ Ռուսաստանի
մենաշնորհային ՌԵ-ն խոստացավ անել հնարավոր ամեն բան՝ երկրի երկաթուղային
շրջափակումը հանելու համար։ «Ինչ վերաբերում է շրջափակմանը,
ապաշրջափակմանը, դա քաղաքական հարց է, Ադրբեջանի, Հայաստանի, այդ թվում
նաև՝ Վրաստանի կառավարությունների հարցն է։ Ենթադրում եմ, որ նման
հեռանկարներ կան», - ասել է Յակունինը։ Խոսելով Ադրբեջանի հետ
Հայաստանի երկաթուղային հաղորդակցության վերականգնման առաջարկությունների
մասին՝ ՌԵ նախագահը տեղեկացրել է, որ իր գլխավորած մենաշնորհային
ընկերությունն այդ բնագավառում զբաղվում է երկու հանրապետությունների
համար քաղաքականապես ընդունելի որոշումների մշակմամբ։ «Ինչ
վերաբերում է համագործակցության զարգացմանը, մեզանից կախված է որոշ
գաղափարների հնարավոր մշակումը, որոնք քաղաքականապես ընդունելի կլինեն և
հայերի, և Ադրբեջանի համար։ Մենք աշխատում ենք նման առաջարկությունների
վրա», - տեղեկացրել է Յակունինը։ Հայաստանի երկաթուղիները ՌԵ-ն
ղեկավարում է այդ նպատակի համար հատուկ ստեղծված հարյուրտոկոսանոց դուստր
կառույցի՝ Հարավկովկասյան երկաթուղու միջոցով, որն այդպես է կոչվել ՌԴ-ի
հարավային շրջանները սպասարկող ՌԵ-ի մասնաճյուղ Հյուսիսկովկասյան
երկաթուղու նմանությամբ։
|