|
|
ՀՀ նախագահը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին է ներկայացրել հայկական կողմի դիրքորշումը ղարաբաղյան հարցի վերաբերյալ
|
28/ 06/ 2008
|
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ
Սարգսյանը շաբաթ ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար
Ֆասիեին (Ֆրանսիա), Մեթյու Բրայզային (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովին
(Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ
Կասպրշիկին, ովքեր Բաքվից Երևան են ժամանել տարածաշրջանային այցի
շրջանակներում: Ինչպես «Նովոստի-Արմենիա»
գործակալությանը հայտնեցին ՀՀ ղեկավարի մամուլի ծառայությունից,
հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման մադրիդյան
առաջարկությունների հետ կապված հարցեր։ Սերժ
Սարգսյանը ներկայացրել է բանակցային գործընթացի վերաբերյալ հայկական կողմի
տեսակետներն ու նկատառումները: Համանախագահները Հանրապետության նախագահին
տեղեկացրել են Բաքվում Ադրբեջանի ղեկավարության հետ ունեցած հանդիպումների
մասին։ 2007 թվականի նոյեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի
համանախագահները Մադրիդում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների քննարկմանը
ներկայացրեցին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բազային
սկզբունքները։ Համանախագահները «մադրիդյան առաջարկությունները» արդարացի
ու հավասարակշված են համարում։ Ղարաբաղյան
հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով
բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու
մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային
Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ
հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը
Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։ Դրանից
հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով
Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից
յոթ շրջանների նկատմամբ։ 1994
թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո
հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի
հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ
միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992
թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ
կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի
համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։
|