|
|
«Մանկական եվրատեսիլին» Հայաստանի ներկայացուցչի ընտրության առաջին փուլը կանցկացվի հունիսի 30-ին
|
28/ 06/ 2008
|
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. «Մանկական
եվրատեսիլ-2008» (Eurovision Junior 2008) մրցույթի Հայաստանի
մասնակիցների ընտրության առաջին փուլը կանցկացվի Հայաստանի Հանրային
հեռուստատեսության եթերում երկու օրվա ընթացքում՝ հունիսի 30-ին և հուլիսի
1-ին, հայտնեց մրցույթի համակարգող, «Էմմի-Բի» պրոդյուսերական կենտրոնի
տնօրեն Նադեժդա Սարգսյանը։ «Կազմկոմիտեն շուրջ 200 հայտ է ստացել,
սակայն ընտրական առաջին փուլ է անցել միայն 36 երգ»,- շաբաթ
«Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց նա։ Սարգսյանի խոսքերով,
երեխաների և մանկապատանեկան կոլեկտիվների հայտեր են ներկայացվել ոչ միայն
մայրաքաղաքից, այլև Արմավիրի, Սյունիքի, Կոտայքի, Շիրակի ու Արարատի
մարզերից։ Մրցույթի համակարգողը տեղեկացրեց, որ 20 երգ կանցնի
երկրորդ փուլ, որը նախատեսված է հուլիսի 6-ին, և դրա արդյունքներով
փորձագիտական խորհուրդը կընտրի միայն ինը երգ։ «Ազգային
ընտրությունը կավարտվի հուլիսի 11-ին, երբ ժյուրին ու հեռուստադիտողները
SMS-քվեարկության միջոցով կընտրեն հաղթողին»,- ասաց պրոդյուսերը։ Նրա գնահատականներով, բոլոր ներկայացված երգերը բավական հետաքրքիր են և «ընտրությունը բարդ կլինի»։ 2007
թվականին Հայաստանն առաջին անգամ մասնակցեց Eurovision Junior մանկական
երաժշտական մրցույթին։ Անցյալ տարվա դեպտեմբերին Ռոտերդամում «Արևիկ»
մանկական համույթը զբաղեցրեց երկրորդ տեղը՝ կատարելով «Երազանք» երգը։
|