|
|
Հայաստանի և Շվեյցարիայի փոխհարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում. նախագահ
|
27/ 06/ 2008
|
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Շվեյրացրայի միջև փոխհարաբերությունները բավական դինամիկ են զարգանում, կարծում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Երկու
երկրների միջև ձևավորված է բովանդակալից և ընդգրկուն օրակարգ, ստեղծված է
քաղաքական երկխոսության կայուն համակարգ, ինչին մեծապես նպաստել են վերջին
տարիներին տեղի ունեցած տարբեր մակարդակի փոխայցելությունները»,- ասաց
նախագահը ուրբաթ՝ Շվեյցարական Համադաշնության դաշնային խորհրդի անդամ,
արտաքին գործերի նախարար տիկին Միշլին Քալմի-Ռեյի հետ հանդիպմանը։ Ինչպես
«Նովոստի-Արմենիային» հայտնեցին նախագահի լրատվական ծառայությունից,
Սարգսյանն ընդգծել է, որ Շվեյցարիան ավանդաբար ակտիվ է եղել Հայաստանի
զարգացման, բարեփոխումների խնդիրների համար տեխնիկական և ֆինանսական
աջակցության տրամադրման հարցում: Իր հերթին, Միշլին Քալմի-Ռեյը
վերահաստատել է, որ իր երկիրը մշտապես Հայաստանի կողքին է և պատրաստ է ըստ
ամենայնի աջակցել տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին։ Նա
երկու երկրների միջև ձևավորված իրավապայմանագրային բազան համարել է լավ
հիմք առկա ներուժն առավելագույնս օգտագործելու համար։ Քալմի-Ռեյն ընդգծել է շվեյցարական կողմի ակտիվ մասնակցությունը Հայաստանի գյուղական շրջանների զարգացման ծրագրին։ Նշելով,
որ Երևանում գործում է Շվեյցարիայի Զարգացման գործակալության գրասենյակը,
նա տեղեկացրել է, որ որոշում է ընդունվել նաև Հայաստան դիվանագիտական
ներկայացուցիչ ուղարկելու մասին։ Շվեյցարիայի ԱԳ նախարարը հատկապես
կարևորել է փոխգործակցությունը Եվրախորհրդի շրջանակում։ Զրուցակիցներն
անդրադարձել են նաև երկու երկրների միջև տնտեսական համագործակցությանը։
Նշվել է, որ առևտրական կապերն արագորեն աճում են, սակայն բազային
ցուցանիշները, քանի որ, շատ ցածր են եղել, այդ իսկ պատճառով դեռևս
բավարար մակարդակ չի արձանագրվել։ Տնտեսության
զարգացումը, աղքատության հաղթահարումը դիտելով գերակայություններ, նախագահ
Սարգսյանն ասել է, որ Հայաստանն այս խնդիրների լուծման գործում ակնկալում
է նաև բարեկամ և գործընկեր երկրների աջակցությունը: Հանրապետության
ղեկավարը խոսել է նաև երկրում իրականացվող քաղաքական ու տնտեսական
բարեփոխումների, տարածաշրջանային խնդիրների, հայ-թուրքական
հարաբերությունների, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացքի մասին:
|