3 ՄԱՍ
4 ՄԱՍ
Անուշ անուրջով պաճուճիր հոգիս, Նստիր մահճիս մոտ ու տխուր երգիր, Մոր պես քնքշաբար մոտեցիր դեմքիս, Խաղաղ փայփայիր սիրտս տարագիր։ Լայն դաշտերի մեջ դանդաղ մշուշում, Լքված լռության ծածկոցն է իջել. Իմ սիրտը հավետ կարոտն է մաշում, Իմ տխուր հոգում երգերն են ննջել։ Երգի՛ր ինձ համար, երգի՛ր ինձ համար, Ինձ հեքիաթ ասա, անրջանք բեր ինձ, Ցրիր քո երգով մռայլ ու համառ Աշնան գիշերը իմ լքված սրտից։
1908
82.* * *
Դու շրջում ես ամենուրեք, դու չըկաս, Աներևույթ դու խոսում ես աշխարհում, Հանկարծ, անկարծ շշնջում ես, որ կըգաս, Հըմայում ես, կանչում, կանչում ու լռում.
Քնքուշաբույր ծաղիկների թերթերում, Հույս դաշտերի խաղաղ նիրհող օվկիանում Եվ աստղազարդ, խորհրդավոր գիշերում, Եվ ջրերի արծաթաճոճ օրրանում։
Ամենուրեք մի կարոտ ես դու նետել, Քո ըստվերն ես փռել անծիր աշխարհում, Դու ես հյուսում աստղացանցը ոսկեթել, Գիշեր ու զօր կյանքը դու ես զարդարում։
Եվ աշխարհի ուղիներում ես մոլոր Թափառում եմ և որոնում տխրադեմ, Լսում եմ քո ձայնը անուշ-լուսավոր, Կանչում եմ քեզ, բայց անունըդ չգիտեմ։
1908
83.ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ
Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով Ժպտում են նորից անտառ ու ձորակ, Եվ հեղեղները խոսուն-սառնորակ Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։
Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ, Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել Իմ սրտում էլ ես թևերըդ փռել, Ւմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։
Եվ ահա կրկին զվարթ ու ջահել, Դուրս ելա տխուր մենության բանտից. Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ, Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։
Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն, Ծ.աղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ, Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում — Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն...
1908
|